1 Kings 1
1 Դավիթ թագավորը ծերացել էր, տարիքն առել էր, և նրան ծածկում էին ծածկոցներով, բայց նա չէր տաքանում։
2 Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Թող մեր տեր թագավորի համար մի կույս աղջիկ փնտրեն, որ սպասավորի թագավորի առաջ, խնամի նրան. պառկի քո ծոցում, որ մեր տեր թագավորը տաքանա»։
3 Եվ մի գեղեցիկ աղջիկ փնտրեցին Իսրայելի ամբողջ սահմաններում և գտան սունամացի Աբիսակին ու նրան բերեցին թագավորի մոտ։
4 Աղջիկը շատ գեղեցիկ էր. խնամում էր թագավորին և ծառայում, բայց թագավորը չկենակցեց նրա հետ։
5 Ագգիթի որդի Ադոնիան գոռոզացավ և ասաց. «Ես պետք է թագավոր լինեմ»։ Եվ կառքեր ու ձիավորներ պատրաստեց իր համար և հիսուն մարդ, որոնք գնում էին իր առջևից։
6 Նրա հայրն իր օրում չէր հանդիմանել նրան, չէր ասել, թե՝ «Այդ ինչո՞ւ ես այդպես անում»։ Տեսքով էլ նա շատ գեղեցիկ էր և ծնվել էր Աբիսողոմից հետո։
7 Եվ նա խորհուրդ արեց Շարուհեայի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, որոնք օգնում էին Ադոնիային՝ հետևելով նրան։
8 Բայց Սադովկ քահանան ու Հովիադայի որդի Բանեան, Նաթան մարգարեն ու Սեմեին, Ռեին ու Դավթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին։
9 Ադոնիան ոչխարներ, եզներ ու գեր անասուններ մորթեց Զոողեթի քարի մոտ, որը գտնվում է Ռովգելի աղբյուրի մոտ, և կանչեց իր բոլոր եղբայրներին՝ թագավորի որդիներին, և Հուդայի բոլոր տղամարդկանց, որոնք թագավորի ծառաներն էին։
10 Բայց Նաթան մարգարեին, Բանեային, զորավորներին և իր եղբայր Սողոմոնին չկանչեց։
11 Եվ Նաթանն ասաց Բերսաբեին՝ Սողոմոնի մորը. «Չե՞ս լսել, որ Ագգիթի որդի Ադոնիան թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթը, չգիտի։
12 Արդ, ե՛կ քեզ մի խրատ տամ, որ ազատես քո կյանքը և քո որդի Սողոմոնի կյանքը։
13 Գնա մտի՛ր Դավիթ թագավորի մոտ և ասա՛ նրան. “Չէ՞ որ դու ինքդ, իմ տե՛ր թագավոր, երդվեցիր քո աղախնին՝ ասելով, թե՝ "Քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին"։ Հապա ինչո՞ւ է Ադոնիան դարձել թագավոր”։
14 Եվ երբ դու այնտեղ թագավորի հետ դեռևս խոսելիս կլինես, ես ներս կմտնեմ ու կհաստատեմ քո խոսքը»։
15 Եվ Բերսաբեն գնաց թագավորի մոտ՝ նրա սենյակը. թագավորը շատ էր ծեր, և սունամացի Աբիսակը ծառայում էր թագավորին։
16 Եվ Բերսաբեն, գլուխ տալով, երկրպագեց թագավորին. և թագավորն ասաց. «Ի՞նչ կա»։
17 Եվ նա ասաց նրան. «Տե՛ր իմ, դու քո Տեր Աստծով երդվեցիր քո աղախնին, թե՝ “Քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին”։
18 Իսկ հիմա ահա Ադոնիան է թագավոր դարձել, և դու, տե՛ր իմ թագավոր, չգիտես։
19 Նա շատ եզներ, ոչխարներ և գեր անասուններ է մորթել, կանչել է թագավորի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային և զորքի հրամանատար Հովաբին, բայց քո ծառա Սողոմոնին չի կանչել։
20 Արդ, տե՛ր իմ թագավոր, ամբողջ Իսրայելի աչքերը նայում են քեզ, որ նրանց հայտնես, թե քեզնից հետո ո՛վ պիտի նստի իմ տեր թագավորի աթոռին։
21 Եթե ոչ՝ հենց որ իմ տեր թագավորը ննջի իր հայրերի հետ, այն ժամանակ ինձ և իմ որդի Սողոմոնին հանցավոր են համարելու»։
22 Եվ մինչ նա խոսում էր թագավորի հետ, ներս մտավ Նաթան մարգարեն։
23 Թագավորին հայտնեցին՝ ասելով. «Ահա Նաթան մարգարեն եկավ »։ Եվ նա եկավ թագավորի առաջ ու խոնարհվելով մինչև գետին՝ երկրպագեց թագավորին։
24 Եվ Նաթանն ասաց. «Տե՛ր իմ արքա, դո՞ւ ես ասել. “Ադոնիան պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին”,
25 որովհետև նա այսօր իջել ու շատ եզներ, ոչխարներ և գեր անասուններ է մորթել, կանչել է թագավորի բոլոր որդիներին և զորավորներին, Աբիաթար քահանային, ու հիմա նրանք ուտում ու խմում են նրա հետ և ասում. “Կեցցե՜ Ադոնիա արքան”։
26 Իսկ ինձ՝ քո ծառային, Սադովկ քահանային ու Հովիադայի որդի Բանեային և քո ծառա Սողոմոնին չեն կանչել։
27 Արդյոք այս բանն իմ տեր թագավորի կամքո՞վ է եղել. բայց դու քո ծառային չես հայտնել, թե ո՛վ պիտի նստի իմ տեր թագավորի աթոռին իրենից հետո»։
28 Դավիթ թագավորը պատասխանեց և ասաց. «Ինձ մո՛տ կանչեք Բերսաբեին». և նա եկավ թագավորի մոտ ու կանգնեց թագավորի առաջ։
29 Թագավորը երդվեց և ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ կյանքն ազատեց ամեն նեղությունից։
30 Եվ ինչպես երդվել եմ քեզ Իսրայելի Աստված Տիրոջով և ասել, որ քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի իմ փոխարեն նստի իմ աթոռին, ահա այսօր պիտի անեմ այդպես»։
31 Եվ Բերսաբեն, գլուխը մինչև գետին խոնարհելով, երկրպագեց թագավորին և ասաց. «Թող հավիտյան ապրի իմ տեր Դավիթ արքան»։
32 Եվ Դավիթ թագավորն ասաց. «Կանչե՛ք ինձ մոտ Սադովկ քահանային, Նաթան մարգարեին և Հովիադայի որդի Բանեային». և նրանք եկան թագավորի առաջ։
33 Եվ թագավորն ասաց նրանց. «Վերցրե՛ք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին նստեցրե՛ք իմ ջորու վրա և նրան իջեցրե՛ք Գեհոն։
34 Եվ այնտեղ Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր թող օծեն Իսրայելի վրա, և փո՛ղ հնչեցրեք ու բացականչե՛ք. “Կեցցե՜ Սողոմոն արքան”։
35 Նրա հետևից գնացե՛ք, և նա թող գա ու նստի իմ աթոռին և իմ փոխարեն թագավոր լինի, որովհետև ես որոշել եմ, որ նա իշխան լինի Իսրայելի և Հուդայի վրա»։
36 Եվ Հովիադայի որդի Բանեան պատասխանեց թագավորին և ասաց. «Ամեն, թող այդպես տնօրինի իմ տեր թագավորի Տեր Աստվածը։
37 Ինչպես Տերը եղել է իմ տեր թագավորի հետ, թող այդպես լինի Սողոմոնի հետ, թող ավելի վեր բարձրացնի նրա աթոռը իմ տեր թագավոր Դավթի աթոռից»։
38 Եվ Սադովկ քահանան, Նաթան մարգարեն ու Հովիադայի որդի Բանեան և քերեթիներն ու փելեթիները եկան, Սողոմոնին նստեցրին Դավիթ թագավորի ջորու վրա և նրան տարան Գեհոն։
39 Եվ Սադովկ քահանան յուղի եղջյուրը վերցրեց խորանից, օծեց Սողոմոնին, և փող հնչեցրին, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։
40 Եվ ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա ետևից և ժողովուրդը սրինգներ նվագելով մեծապես ուրախանում էր և ցնծում, և երկիրը դղրդում էր նրանց ձայներից։
41 Եվ Ադոնիան ու նրա բոլոր հրավիրյալները լսեցին, երբ արդեն կերել վերջացրել էին, և Հովաբը լսեց փողի ձայնն ու ասաց. «Ինչո՞ւ է քաղաքում բարձրացել դղրդման այդ ձայնը»։
42 Նա դեռ խոսում էր, և ահա եկավ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը, և Ադոնիան ասաց. «Ե՛կ, դու արժանավոր մարդ ես և բարի ավետիս ես բերել»։
43 Եվ Հովնաթանը պատասխանեց ու ասաց Ադոնիային. «Արդարև, մեր տեր թագավոր Դավիթը թագավոր դարձրեց Սողոմոնին։
44 Թագավորը նրա հետ ուղարկեց Սադովկ քահանային և Նաթան մարգարեին, Հովիադայի որդի Բանեային և քերեթիներին ու փելեթիներին, նրան նստեցրին թագավորի ջորու վրա։
45 Եվ Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհոնում և այնտեղից եկան ուրախանալով, և քաղաքը դղրդաց. ահա այդ ձայնն է, որ դուք լսեցիք։
46 Եվ Սողոմոնը նստեց թագավորական աթոռին։
47 Եվ թագավորի ծառաներն էլ եկան մեր տեր թագավոր Դավթին հարգանք մատուցելու և ասացին. “Քո Աստվածը Սողոմոնի անունը քո անունից առավել մեծացնի և նրա աթոռն առավել բարձրացնի քո աթոռից”։ Եվ թագավորը խոնարհվելով երկրպագեց իր անկողնու մեջ։
48 Ու նաև այսպես ասաց թագավորը. “Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր իմ աթոռին նստեցրեց մեկին, որին տեսնում են իմ աչքերը”»։
49 Եվ Ադոնիայի բոլոր հրավիրյալները զարհուրեցին ու վեր կացան, և ամեն մարդ գնաց իր ճանապարհով։
50 Սակայն Ադոնիան վախենում էր Սողոմոնից, ուստի վեր կացավ, գնաց ու բռնեց զոհասեղանի եղջյուրներից։
51 Եվ Սողոմոնին հայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախենում է Սողոմոն թագավորից, և նա բռնել է զոհասեղանի եղջյուրներից ու ասում է. “Թող հենց այսօր Սողոմոն թագավորը երդվի, որ իր ծառային սրով չի սպանի”»։
52 Եվ Սողոմոնն ասաց. «Եթե նա առաքինի լինի, նրանից մի մազ չի պակասի ու չի ընկնի գետին, իսկ եթե չարություն գտնվի նրա մեջ, այն ժամանակ պիտի մեռնի»։
53 Եվ Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց, և Ադոնիային ցած իջեցրին զոհասեղանից. նա եկավ ու երկրպագեց Սողոմոն թագավորին, և Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տուն»։